Ռուսական ԶԼՄ-ների համաձայն` Վիենայում կայացել է մուսուլմանական- հրեական միջազգային կոնֆերանս` նվիրված արմատականության դեմ պայքարի հարցերին: Հրեական պատվիրակությունը ղեկավարում էր Մոսկվայի Գլխավոր րաբբի, Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը, իսկ մուսուլմանական պատվիրակության ղեկավարն էր Գերմանիայի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ, Եվրոպայի իսլամական կազմակերպությունների դաշնության տնօրեն Իբրահիմ Էլ-Զայաթը: <<Այսօր Եվրոպան հայտնվել է ահաբեկչության հետ կապված դժվարին խնդիրների առջև: Րաբբիները և իմամները պետք է համատեղ լուծում գտնեն ժամանակակից հարցերին: Դրանցից մեկը<< Իսլամական պետություն>> խմբավորումն է, որին կարելի է անվանել դանդաղ գործողության ռումբ>>- հայտարարել էր Գոլդշմիդտը: Նշենք, որ մուսուլմանական և հրեական երկխոսության պատմության համար եվրոպական կրոնական առաջնորդների մակարդակով այս կոնֆերանսը առաջինն է: Նախկինում քննարկումները տեղի էին ունենում փորձագետների միջև: Կոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկը ծայրահեղականության, հակահրեականության և հակամուսուլմանության դեմ համատեղ պայքարելու ջանքերի միավորումն է: Մասնավորապես քննարկել էին այնպիսի մեթոդների մշակման հարցը,որոնք երիտասարդներին կպաշտպանեն արմատական կրոնական շարժումների ներկայացուցիչների ազդեցությունից և հսկողություն կսահմանեն ահաբեկչության հետ կապ ունեցող մարդկանց վրա: Կոնֆերանսում բարձրացվել էր նաև եվրոպական օրենսդրության ճնշման տակ հայտնված հրեաների և մուսուլմանների կրոնական իրավունքների պաշտպանության հարցը, քանի որ Եվրամիության մի շարք երկրներում օրենսդրական միջոցներ են ձեռք առնում սահմանափակելու տարբեր կրոնների հետևորդների իրավունքները` մասնավորապես կրոնական հագուստ կրելը, խորհրդանիշներ կիրառելը, ավանդական ծիսական արարողություններ կատարելը: