Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հունաստանը իր բողոքն է հայտնել Ալբանիայի դեսպանին և պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրահանձնաժողով և Եվրախորհուրդ Ալբանիայի իշխանությունների կողմից երկրի հարավային Դհերմի բնակավայրի սուրբ Աֆանասիի ուղղափառ տաճարը քանդելու համար: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին տեղեկացրել է նաև Բեռլինին և Վաշինգտոնին: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Կուտրասը տաճարի ավերումը համեմատել է Մերձավոր Արևելքում մշակույթի հուշարձանները իսլամիստ գրոհայինների կողմից ոչնչացնելու հետ: <<Սրբավայրերի և հուշարձանների ավերումը կատարվում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Դա կատարում են ջիհադիստները: Այսօր տեսնում ենք, որ նման քայլ է կատարվել մեր հարևան երկրում` Ալբանիայում>>- հայտարարել էր հույն դիվանագետը: Ալբանիայի իշխանությունները իրենց այդ արարքը բացատրում են, իբրև թե այդ վայրում ցանկացել են պեղումներ կատարել, որպեսզի հայտնաբերեն 17-րդ դարի կաթոլիկ միսիոներ Նիլո Կատալանոյի գերեզմանը: Ավելի վաղ քրիստոնեական տաճարի քանդման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունում իր զայրույթը և բողոքն էր արտահայտել Ալբանիայի Ուղղափառ եկեղեցին: Տեղի ունեցածը անվանել էին Ալբանիայի սահմանադրությամբ ամրագրված հավատի ազատության իրավունքի կոպիտ խախտում: Իսկ նման քայլը վտանգում է երկրում կրոնական համաձայնությունը ևկարող է կոնֆլիկտներ առաջացնել կրոնական տարբեր համայնքների միջև: Նշենք, որ Ալբանիայի հարավում գտնվող Դհերմի բնակավայրի բնակչությունը հիմնականում ուղղափառ հույներ են: