Հռոմի Պապը Վաշինգտոնում ելույթ է ունեցել  Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: Իր ուղերձում կաթոլիկ Հովվապետը խոսել էր արդի աշխարհի հիմնախնդիրների մասին. << Մենք խորապես մտահոգված ենք  ժամանակակից աշխարհում տիրող սոցիալական և քաղաքական իրավիճակով: Մեր աշխարհում ավելի ու ավելի շատ տեղ են գրավում բռնությունները,  ատելությունը  և դաժանությունը, որոնք կատարվում են նույնիսկ Աստծո և կրոնի անունով: Պետք է զգոն լինենք արմատականության ցանկացած դրսևորման դեմ , այդ թվում նաև կրոնական>>-ասել էր Պապը:  Կոնգրեսի անդամներին Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել կանգնեցնել զենքի առևտուրը, դեմ դուրս գալ մահապատժին և հղիության արհեստական ընդհատմանը: Նա ամերիկացի օրենսդիրների ուշադրությունը հրավիրել էր նաև գաղթականների խնդիրներին ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում, որտեղ ճգնաժամ է առաջացել Մերձավոր Արևելքից փախստականների հոսքի պատճառով: Կոնգրեսում ունեցած ելույթից հետո Պապը պետք է ճաշեր կոնգրեսականների և սենատորների հետ, սակայն Ֆրանցիսկ I-ը նախընտրել էր հանդիպել  անօթևանների հետ: Հանդիպումը կայացել էր Վաշինգտոնի սուրբ Պատրիկի տաճարում: Պապը օրհնել էր այդ մարդկանց, քարոզել, խոսել հավատքի, միմյանց հանդեպ գթասիրտ և հոգատար լինելու մասին, ապա ճաշել էր նրանց հետ: