<<Анкава>> լրատվական գործակալության տեղեկացմամբ` իսլամիստների ձեռքում գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում է պատերազմը քրիստոնյաների և քրիստոնեությունը հիշեցնող ամեն ինչի դեմ: Ականատեսների վկայությամբ իսլամիստ ծայրահեղականները ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքում ջնջեն քրիստոնյաների ներկայության հիշողությունն անգամ: Մոսուլի լրագրողներից մեկը, որի անունը գործակալությունը չի հայտնում, տեղեկացրել էր, որ <<Իսլամական պետության>> գրոհայինները մտադիր են այդ տարածաշրջանում ոչնչացնել քրիստոնեական բոլոր խորհրդանիշները և այդ ուղղությամբ նպատակասլաց աշխատում են: << Խաչը իսլամիստների առաջին թշնամին է: Այդ պատճառով էլ այսօր Մոսուլում ոչ մի խաչ չի մնացել>>-պատմել էր լրագրողը: Նրա խոսքով գրոհայինների կողմից Մոսուլը գրավելուց արդեն երկու շաբաթ անց իսլամիստները քրիստոնեական բոլոր տաճարների խաչերը վայր էին գցել, իսկ քրիստոնյաների բնակարաններում սրբապատկերները և խաչերը վերացնելու համար պարբերաբար ստուգայցեր էին կատարում: << Տները թալանում և ավերում էին յուրահատուկ վայրագությամբ և քրիստոնյաների հանդեպ այդ ատելությունը պահպանվել է մինչ օրս: Տաճարները և վանքերը կամ պայթեցնում են, կամ ավերում>>-հավելել էր իրաքցի լրագրողը: