Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը հայտարարել է, որ հակահրեական տրամադրությունների աճի պատճառով Թուրքիայում բնակվող հրեաները իրենց ապահով չեն զգում և մտածում են այդ երկրից հեռանալու մասին: Գոլդշմիդտի կարծիքով հրեական համայնքի վիճակը վատացել է Էրդողանի կառավարության օրոք: Նրա վարած հակաիսրայելական քաղաքականությունը հանգեցրել է բնակչության շրջանում թաքնված հակահրեականության լայն տարածմանը: Պինհաս Գոլդշմիդտը նշել է, որ թուրքերենով հրատարակված Ադոլֆ Հիտլերի <<Mein Kampf>> գիրքը Թուրքիայում ամենավաճառված գրքերից մեկն է: Հրեա հոգևորականի խոսքով Էրդողանի իշխանության գալուց հետո շատ հրեաներ մեկնել են Իսրայել, ԱՄՆ և Եվրոպա: Ի դեպ 2013 թվականին Վիենայում կայացած ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիոնիզմը համեմատել էր ֆաշիզմի հետ: Այդ ժամանակ Պինհաս Գոլդշմիդտը խստորեն դատապարտել էր Էրդողանի այդ հայտարարությունը: <<Սիոնիզմը համեմատելով ֆաշիզմի հետ թուրք առաջնորդը պետք է գիտակցի նման հայտարարության ողջ պատասխանատվությունը>>-հարցազրույցի ժամանակ ասել էր Գոլդշմիդտը և շարունակել.<<Էրդողանի նման խոսքերը <<մխիթարական>> չեն նաև Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար: Մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը մինչ օրս չի ընդունել Թուրքիայի կառավարությունը>>: Եվրոպայի րաբբիների խորհուրդը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում բնակվող հրեաների և ազգային մյուս փոքրամասնությունների անվտանգության վերաբերյալ: Իսկ Ֆրանսիայի գլխավոր րաբբիի տեղակալ Մոշե Լևինը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևելու են Թուրքիայում հրեաների և ազգային մյուս փոքրամասնությունների իրավիճակին: Ներկայումս Թուրքիայում բնակվում է 16 հազար հրեա: