Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Եվրոպայի րաբբիների խորհրդի  նախագահ Պինհաս Գոլդշմիդտը հայտարարել է, որ  հակահրեական տրամադրությունների աճի պատճառով Թուրքիայում   բնակվող հրեաները իրենց  ապահով չեն  զգում  և մտածում են այդ երկրից  հեռանալու մասին: Գոլդշմիդտի կարծիքով  հրեական համայնքի վիճակը վատացել է Էրդողանի  կառավարության օրոք: Նրա  վարած հակաիսրայելական քաղաքականությունը հանգեցրել է  բնակչության շրջանում թաքնված հակահրեականության  լայն տարածմանը: Պինհաս Գոլդշմիդտը նշել է, որ թուրքերենով  հրատարակված Ադոլֆ Հիտլերի <<Mein Kampf>> գիրքը Թուրքիայում  ամենավաճառված գրքերից մեկն է: Հրեա հոգևորականի խոսքով Էրդողանի իշխանության գալուց հետո   շատ հրեաներ մեկնել են  Իսրայել, ԱՄՆ և Եվրոպա: Ի դեպ  2013 թվականին  Վիենայում կայացած ՄԱԿ-ի  կոնֆերանսի ժամանակ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը  սիոնիզմը  համեմատել էր ֆաշիզմի հետ: Այդ ժամանակ Պինհաս Գոլդշմիդտը խստորեն դատապարտել էր Էրդողանի այդ հայտարարությունը: <<Սիոնիզմը համեմատելով ֆաշիզմի հետ  թուրք առաջնորդը  պետք է գիտակցի  նման հայտարարության ողջ պատասխանատվությունը>>-հարցազրույցի ժամանակ ասել էր Գոլդշմիդտը և շարունակել.<<Էրդողանի նման  խոսքերը  <<մխիթարական>> չեն նաև  Հայոց  ցեղասպանության զոհերի սերունդների համար: Մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը մինչ օրս չի ընդունել Թուրքիայի կառավարությունը>>:  Եվրոպայի րաբբիների խորհուրդը  իր մտահոգությունն  է հայտնել  Թուրքիայում բնակվող հրեաների և ազգային մյուս փոքրամասնությունների  անվտանգության վերաբերյալ: Իսկ Ֆրանսիայի  գլխավոր րաբբիի տեղակալ Մոշե Լևինը հայտարարել է, որ ուշադրությամբ   հետևելու են Թուրքիայում   հրեաների և  ազգային մյուս փոքրամասնությունների  իրավիճակին: Ներկայումս Թուրքիայում  բնակվում է 16 հազար հրեա: