Տոկիոյում բացվել է ցուցահանդես, որը կոչվում է << Գաղտնի քրիստոնյաներ>>: Ցուցահանդեսը պատմում է ճապոնացի քրիստոնյաների մասին, ովքեր դարեր շարունակ ստիպված էին թաքուն դավանել քրիստոնեությունը, որովհետև Հիսուսի հետևորդները այդ երկրում ենթարկվում էին սարսափելի կտտանքների և մահապատժի: Ցուցահանդեսում ներկայացված փաստաթղթերի , նամակների, նկարների մի մասը հավաքվել է խորվաթ միսիոներ, վանական Մարիո Մարեգոյի ջանքերով, ով Ճապոնիայում ծառայում էր 20-րդ դարի սկզբին: Ճապոնիայում քրիստոնեությունը տարածվել է 16-րդ դարում: ճապոնացիներին Ավետարան քարոզած առաջին միսիոները ճիզվիտ քահանա Ֆրանցիսկ Քսավերին է: 1549 թվականին Քսավերին Կագոսիմա քաղաքում մկրտում է մոտ 100 մարդու: Եվ հենց նրանք էլ կազմում են կաթոլիկ առաջին համայնքը: Արդեն 16-րդ դարի վերջին Ճապոնիայում կար գրեթե 300 հազար քրիստոնյա: Այդ ժամանակ Ճապոնիայի իշխանությունները արգելեցին քրիստոնյա միսիոներների մուտքը երկիր , իսկ քրիստոնյաների դեմ սկսվեցին դաժան հալածանքներ: Նրանց խաչում էին, ողջ ողջ այրում: Միայն 40 տարիների ընթացքում հավատի համար տանջամահ են արվել 6 հազար քրիստոնյա: Քրիստոնյաները ստիպված էին անցնել ընդհատակ: Նրանց ծառայությունները գաղտնի էին անցնում: Ժամանակակից ճապոնական կրոնագիտության մեջ այդ դարաշրջանի քրիստոնյաներին անվանում են գաղտնի քրիստոնյաներ: Քրիստոնեության արգելքը տևել էր 250 տարի: Այդ ընթացքում քրիստոնյաների մի մասին մահապատժի են ենթարկում, մի մասն էլ բուդդայականության է վերադառնում: 1859 թվականին ճապոնիան բացեց սահմանները միսիոներների առջև, սակայն հալածանքները քրիստոնյաների նկատմամբ շարունակվում էին: Եվ միայն 1873 թվականին ճապոնական իշխանությունները հանեցին քրիստոնեության արգելքը և թույլ տվեցին ազատորեն քարոզել և դավանել: Այդ ժամանակ պարզվեց, որ Ճապոնիայում կար 10 հազար քրիստոնյա ընտանիք, ովքեր 250 տարի շարունակ գաղտնի դավանել էին Հիսուսին և իրենց հավատքը փոխանցել սերունդներին: