Նոյեմբերի 25-ին Հռոմի Պապը ժամանել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբի:Օդանավակայանից Ֆրանցիսկ I-ը ուղևորվել էր նախագահական պալատ, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Ուհուրու Քենիաթայի հետ: Երկրի ղեկավարությանը կաթոլիկ Հովվապետը կոչ էր արել իրապես հոգ տանել աղքատներին, ուշադիր լինել երիտասարդների և նրանց ցանկությունների նկատմամբ, արդարացի բաշխել բնական պաշարները: Նոյեմբերի 26-ին նախատեսված են Պապի էկումենիկ և միջկրոնական հանդիպումները: Նշենք, որ Պապը Քենիայից հետո այցելելու է Ուգանդա և Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն: Հռոմից Նայրոբի թռչող օդանավում  Ֆրանցիսկ I-ը շփվել էր լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Պապը հույս էր հայտնել, որ Աֆրիկա կատարելիք 6-օրյա այցը  հոգևոր պտուղներ կբերի: Տարբեր երկրների հետախուզությունները զգուշացրել էին Պապին  չեղյալ համարել Կենտրոնական- Աֆրիկյան Հանրապետություն կատարելիք այցը, քանի որ այդ երկրում իրավիճակը խիստ լարված է մուսուլմանների և քրիստոնյաների միջև շարունակվող արյունալի բախումների պատճառով:Այդ առնչությամբ լրագրողներից մեկի տված հարցին, արդյոք Պապը  չի վախենում ահաբեկչության սպառնալիքից, Ֆրանցիսկ I-ը պատասխանել էր. << Ազնվորեն ասած ես ավելի շատ վախենում եմ աֆրիկյան մոծակներից>>: