Romfea գործակալության համաձայն` Կիպրոսի ուղղափառ, հայկական, մարոնիտ, կաթոլիկ եկեղեցիների արքեպիսկոպոսները և մուֆթին հռչակագիր են ստորագրել, որում դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի, ահաբեկչության, բռնությունների բոլոր ձևերը ամբողջ աշխարհում: Հայտարարությունը ստորագրել են Կիպրոսի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Քրիզոսթոմը, թուրք մուսուլմանների մուֆթի Թալիփ Աթալայը, հայ արքեպիսկոպոս Նարեկը, մարոնիտ արքեպիսկոպոս Սույեֆը և հռոմեա-կաթոլիկ եպիսկոպոս Եժի Կրայը: <<Պատերազմները, դաժանությունը կամ էլ բռնարարքները խաղաղ բնակչության դեմ չեն կարող արդարացվել Աստծո անունով >>- ասված է հայտարարության մեջ: Հանդիպման մասնակիցները հայտարարել էին նաև, որ ապագան հնարավոր չի առանց հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության: << Բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր խոսքով և գործով հաստատելու, որ հարգանքը մարդկային կյանքի և արժանապատվության հանդեպ ավելի զորեղ է, քան ահաբեկչությունը և աղավաղված կրոնի անունից կատարվող հանցագործությունները>>-նշված է հռչակագրում: