Սիրիայում ընթացիկ տարվա մայիսին իսլամիստ գրոհայինների կողմից առևանգված կաթոլիկ քահանա Ժակ Մուրադին ազատ են արձակել: Այս մասին հայտնել էր << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտո Սիմոնը: Լուրը հաստատել են Սիրիայի Հոմս քաղաքի պատրիարքությունում: Տեղեկացնենք, որ ժակ Մուրադին և սարկավագ Բուտրոս Հաննային առևանգել էին դիմակավոր երեք զինված անձինք Մար Էլիան մենաստանում, որի վանահայրն էր Ժակ Մուրադը: Հայր Մուրադը այդ շրջանում և հատկապես Էլ Կարյաթեյն քաղաքում հայտնի է իր խաղաղարար և հումանիտար գործունեությամբ: Քահանան հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում բոլորին` անկախ կրոնական պատկանելությունից: Իր մենաստանում նա ապաստան էր տվել բազմաթիվ մուսուլմանների: Ժակ Մուրադը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մուսուլմանների շրջանում: Նրան առևանգել էին Էլ Կարյաթեյն քաղաքը գրաված <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները, որոնք մեծամասամբ օտարերկրյա վարձկաններ են: Նշենք, որ այդ շրջանում առևանգել են նաև տասնյակ այլ քրիստոնյաների: Նրանցից շատերի մասին դեռևս տեղեկություններ չկան: <<Ժակ Մուրադը ազատության մեջ է և շնորհակալական պատարագ է մատուցել Զեյդալ ավանում>>- հայտնել է Ռոբերտո Սիմոնը: Ամռանը Սիմոնը այցելել էր Սիրիա և նրա վկայությամբ իսլամիստ գրոհայինների շրջանում շատ մեծ է վարձու երիտասարդների թիվը: << Էլ Կարյաթեյն քաղաքում << Իսլամական պետության>> անդամները զբաղվում են բենզինի առևտրով: Գրոհայինների ղեկավարներից շատերը աֆղանացիներ են և պակիստանցիներ, ովքեր ծանոթ չեն սիրիական ավանդույթներին: Նրանք ցանկանում են պարտադրել արմատական իսլամը և ոչ մի հարգանք չունեն Սիրիայի մշակութային ժառանգության հանդեպ>>-ասել էր Ռոբերտո Սիմոնը: