Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն խիստ մտահոգված է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի այն հայտարարությամբ, որ ռուսական ռազմական օդուժը չի ռմբակոծում իսլամիստների դիրքերը, իսկ սիրիացի այսպես կոչված ապստամբներին պատրաստում է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչությունը (ԿՀՎ): <<Վերջերս ամերիկացի սենատոր Մաքքեյնը զայրացել էր, որ ռուսական օդուժը ռմբակոծում է ոչ այնքան <<Իսլամական պետության>> դիրքերը, որքան ԿՀՎ-ի կողմից պատրաստված սիրիացի ապստամբների: Ինձ խիստ մտահոգել են այդ խոսքերը: Դա նշանակում է, որ Բաշար Ասադի դեմ մղվող պատերազմին մասնակցում է նաև ԿՀՎ-ն>>-հայտարարել էր արքեպսիկոպոսը և շարունակել.<<Արևմտյան քարոզչությունը շարունակում է խոսել այսպես կոչված ոչ ծայրահեղական ապստամբների մասին, սակայն իրականում նման բան գոյություն չունի: Այս ամենը խիստ անհագստացնում է: Այդ գերտերությունը բողոքում է, որ ռուսները հարվածում են Ալ Քաիդային Սիրիայում: Փաստորեն ստացվում է, որ Ալ Քաիդան դարձել է ԱՄՆ-ի դաշնակիցը միայն այն բանի համար, որ Սիրիայում Ալ Քաիդային այլ կերպ են անվանում: Նրանք փորձում են խաբել մեզ և մեր հիշողությանը>>: Ավարտելով իր խոսքը արքեպիսկոպոս Հինդոն ասել էր. <<Սիրիացիները պետք է որոշեն, Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, թե ոչ այլ ոչ թե <<Իսլամական պետությունը>> կամ Արևմուտքը: Եթե Ասադը հեռանա, ապա Սիրիայում կկատարվի այն, ինչ Լիբիայում>>: