Եվրախորհրդարանում Շվեդիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լարս Ադակտուսոնը շվեդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը Սիրիայում և Իրաքում զավթած տարածքներում ձգտում է ոչնչացնել քրիստոնյաներին: Քաղաքական գործչի խոսքով քրիստոնեության գոյության 1700 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայում չեն ղողանջում քրիստոնյա տաճարների զանգերը: <<ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման չի ցանկանում ընդունել, որ քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացվում>>-ասել էր շվեդ պատգամավորը: Նա նշել էր, որ վերջին տաս տարիների ընթացքում Իրաքում բնակվող քրիստոնյաների թիվը մեկ ու կես միլիոնից հասել է մոտ 500 հազարի: <<Իսլամական պետություն>> խմբավորման հանցագործությունների նպատակը բնակչության կրոնական և էթնիկ մաքրումն է: Դաժան սպանությունները, առևանգումները, կրոնական – մշակութային հուշարձանների բարբարոս ավերումը ուղղված են քրիստոնության ոչնչացմանը >>-հայտարարել էր Լարս Ադակտուսոնը: Նա ասել էր նաև, որ Եվրամիությունը և Միավորված Ազգերի Կազմակերպությունը շատ են ուշացնում իրականացվող ցեղասպանության ճանաչումը, ինչը կարող է հանգեցնել քրիստոնեության անհետացմանը մերձավորարևելյան տարածաշրջանում: Ադակտուսոնը արևմտյան օրենսդիրներին կոչ էր արել քրիստոնյաների և եզդիների դեմ կատարվող հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն: