Հռոմի Պապական Արևելյան ինստիտուտում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված յոթ հատորանոց գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակը քահանա ժորժ Անրի Ռույսենն է: Շնորհանդեսի արարողությանը ներկա էին ինստիտուտի ռեկտոր Դավիդ Նազարը, <<Սուրբ Էգիդիա>> համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, Իտալիայի հայ համայնքի անդամներ: Գրքում ներկայացված են սուլթան Համիդից մինչև Քեմալ Աթաթուրքի կառավարման ժամանակաշրջանում հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք պահված էին Վատիկանի փակ արխիվներում: Այդ փաստաթղթերը տալիս են ցեղասպանության ամբողջական պատկերը`ծրագրումից մինչև իրականացումը:<< Հայր Ռույսենի աշխատությունը հնարավորություն է տալիս հետևել պատմական փաստերին, ճանաչել անցյալը և դասեր առնել ապագայի համար>>- իր ելույթում նշել էր Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Դեսպանը աշխատության հեղինակ Ժորժ Անրի Ռույսենին հանձնել էր Պատվո շքանշանը, որով Հայաստանի նախագահը պարգևատրել է քահանային: