ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի բողոքական հովիվ Սաիդ Աբեդինին Իրանի բանտից ազատվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի, Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական միության, ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարության միջնորդության շնորհիվ: Այս մասին տեղեկացված է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում: Սաիդ Աբեդինիին ձերբակալել էին 2012թվականին և դատապարտել 8 տարվա ազատազրկման: Նրա ձերբակալությունից հետո ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել էր հովվին ազատելու վերաբերյալ հանրագիրը, եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, ԱՄՆ-ի իշխանությունները, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Իրանի կառավարությանը կոչ էին անում ազատելու հովվին: 2014 թվականին Պատրիարք Կիրիլը դիմել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին` խնդրելով ներել և ազատ արձակել Սաիդ Աբեդինիին:<< Ռուս ուղղափառ եկեղեցին մեծ ուշադրությամբ հետևում է տարբեր երկրների բանտերում գտնվող քրիստոնյաների ճակատագրին: Մոսկվայի պատրիարքությունը ձգտում է համագործակցել քաղաքական և կրոնական առաջնորդների հետ` աջակցելու քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակմանը>>-ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում: