Հունվարի 27-ին ամբողջ աշխարհում հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Հիշատակման աղոթք և մոմավառության արարողություն էր տեղի ունեցել նաև Մոսկվայի սինագոգերից մեկում: Ներկա էին եղել Ռուսաստանի գլխավոր րաբբի Ադոլֆ Շաևիչը, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլշդմիդտը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանները և այլոք: << Մենք հիշում ենք: Սակայն կարևոր է, որպեսզի այս ողբերգության մասին հիշեն մյուս ազգերը: Դա անհրաժեշտ է, որպեսզի նման բան չկրկնվի ոչ մի ժողովրդի հետ>>- հայտարարել էր րաբբի Շաևիչը: Նշենք, որ հունվարի 27-ը, որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2005 թվականին: Այդ նախաձեռնությամբ հանդես էին եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, իսկ հավանություն էին տվել 90 պետություններ: Հիշատակման օրը հունվարի 27-ն է ընտրվել, որովհետև 1945թվականի հենց այդ օրն է Խորհրդային բանակը ազատագրել Լեհաստանում գտնվող նացիստական խոշոր համակենտրոնացման ճամբարը` Օսվենցիումը, որտեղ զոհվել է տարբեր տվյալներով մինչև 4 միլիոն մարդ: 1947 թվականին նախկին ճամբարի տարածքում ստեղծվել է թանգարան, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակը նշում են հրեական օրացույցով նիսան ամսվա 27-ին` Զատկի տոնից հետո 6-րդ օրը` այս տարի մայիսի 4-ին: