Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիան ծրագրել են միջազգային կոնֆերանս կազմակերպել, որում քննարկելու են քրիստոնյաների հալածանքների խնդիրը: Մամուլի ասուլիսի ժամանակ համատեղ նախագծի մասին պատմել է ասոցիացիայի նախագահ Ֆրանկլին Գրեհեմը, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նրա խոսքով` Պատրիարք Կիրիլի և Մոսկվայի Սինոդի արտաքին կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են առաջիկա մեկ տարվա ընթացքում կազմակերպել միջազգային այդ կոնֆերանսը: <<Մենք հրավիրելու ենք եկեղեցական ավելի քան 1000 առաջնորդների ամբողջ աշխարհից>>-ասել էր Ֆ. Գրեհեմը: Նա իր խոր մտահոգությունն էր հայտնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի վերաբերյալ.<<Վերջին տաս տարիների ընթացքում Իրաքում քրիստոնյաների թիվը ավելի քան մեկ միլիոնից դարձել է 300 հազար: Առաջիկա հինգ տարիների ընթացքում քրիստոնեությունը կարող է անհետանալ Մերձավոր Արևելքում>>-նշել էր Ֆ. Գրեհեմը: Նա բարձր է գնահատել Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը.<<Բարոյականության պաշտպանության հարցում Ռուս եկեղեցու հզոր ձայնը շատ կարևոր է աշխարհի համար>>- եզրափակել էր Գրեհեմը: Քրիստոնեությունը քարոզելու խոչընդոտների վերաբերյալ հարցին նա պատասխանել էր, որ արգելքները գլխավորապես հանդիպում են մուսուլմանական երկրներում: <<Մենք ապրում ենք ինտերնետի դարում, որի միջոցով կարող ենք Ավետարանը հասցնել այն երկրները, ուր չենք կարող գնալ: Այդ երկրներում մեծ թվով մարդիկ են հետաքրքրվում քրիստոնեությամբ և դառնում քրիստոնյա>>-եզրափակել էր Ֆ. Գրեհեմը: Նշենք, որ Ֆրանկլինի հայրը` համաշխարհային հայտնի ավետարանիչ Բիլլի Գրեհեմը բազմիցս այցելել էր Խորհրդային Միություն և Ռուսաստան, ջերմ հարաբերություններ էր հաստատել Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Բիլլի Գրեհեմը ԱՄՆ-ի հինգ նախագահների հոգևոր խորհրդականն էր: