Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը փետրվարի 19-21-ը այցելել էր Բրազիլիա և ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում Պատրիարքը հանդիպել էր երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր ջերմ և բարեկամական մթնոլորտում: Պատրիարքը պատմել էր Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին միջազգային իրավիճակը, հատկապես Սիրիայի դեպքերը: Այդ նույն օրը Պատրիարք Կիրիլը այցելել էր մայրաքաղաքի միակ ուղղափառ տաճարը, աղոթքի ծառայություն էր կատարել, որին ներկա էին եղել պաշտոնատար անձինք, բարձրաստիճան հոգևորականներ, Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի դեսպանները: Այդ տաճարի այցելուների թվում են ոչ միայն ռուսական, այլ նաև սիրիական և լիբանանյան համայնքների քրիստոնյաները: Հաջորդ օրը պատրիարքը մեկնել էր Ռիո դե Ժանեյրո քաղաքը և Հիսուս Քրիստոսի հայտնի արձանի մոտ առաջնորդել էր Մերձավոր Արևելքում և այլ վայրերում հալածվող քրիստոնյաների համար աղոթքը: Աղոթքից հետո դիմելով ներկաներին ռուս եկեղեցու առաջնորդը ասել էր.<<Ներկայումս Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի մի շարք երկրներում դաժան հալածանքների են ենթարկվում քրիստոնյաները, նրանց սպանում են, ոչնչացնում տաճարները և վանքերը, իսկ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում միասնական մոտեցումներ մշակել ահաբեկչության դեմ պայքարի համար: Մեր հավատացյալ քույրերը և եղբայրները հալածվում են նաև Եվրոպայում, երբ հանդուրժողականության անվան տակ դուրս է մղվում քրիստոնեությունը>>: Եզրափակելով խոսքը Պատրիարքը ասել էր.<< Պետք է հավատարիմ մնանք մեր հավատքին, ուղղափառները և կաթոլիկները միասին պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, միասնական հանդես գան քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու, ինչպես նաև 21-րդ դարում քրիստոնեությունը պահպանելու համար >>: Ռիո դե Ժանեյրոյից հետո փետրվարի 21-ին Համայն Ռուսիո Պատրիարքը մեկնել էր Բրազիլիայի մեկ այլ խոշոր քաղաքը` Սան Պաուլո և ավարտել իր այցը Լատւնական Ամերիկայի երկրներ: