Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրինագիծ, որը հայտնի է Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին կողմ է քվեարկել 160 պատգամավոր: Այն պաշտպանում է հոգևորականներին, որոնք չեն ցանկանում կատարել միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները ստիպված չեն լինի կատարելու արարողություններ, որոնք խախտում են նրանց հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է, որ եթե հոգևորականը մերժում է կատարել արարողությունը, ապա նահանգի իշխանությունները չպետք է դատական գործ հարուցեն, կամ էլ այլ միջոցներ ձեռնարկեն հոգևորականին պատժելու համար: Չնայած Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատում հոգևորականներին պաշտպանող այս օրինագիծը ուժեղ աջակցություն է ստացել, հանրապետականների կողմից քննադատություններ են հնչում օրենքի վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստոնը այդ քննադատությունները անվանել էր ցավալի և ամբողջապես անընդունելի: Այժմ օրենքի նախագիծը ներկայացվել է նահանգի սենատի քննարկմանը: Նշենք, որ հոգևորականներին պաշտպանող օրենքը հաստատվել է հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի Ջորջիա նահանգի Ատլանտա մայրաքաղաքի կառավարության շենքի առջև աղոթքի արշավ անցկացնելու հաջորդ օրը: Իր ելույթում Գրեհեմը քրիստոնյաներին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել և ձայն բարձրացնել երկրում կատարվող քաղաքական գործընթացներում: