Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եպիսկոպոսական ժողովում ունեցած իր ելույթում անդրադարձել էր ահաբեկչության դեմ պայքարի և Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման հարցերին: <<Միջազգային հանրությունը կոչված է կանգնեցնել ահաբեկչությունը, մասնավորապես վերականգնել արդարությունը և խաղաղությունը Սիրիայում և այդ կերպ նախադեպ ստեղծել այդ տարածաշրջանի բոլոր այն երկրների համար, որոնցում արյուն է թափվում>>-հայտարարել էր Պատրիարքը և շարունակել .<< Կրոնական կամ այլ գաղափարախոսությունների անվան տակ ահաբեկիչները ձգտում են մարդկանց սրտերում վախ և ատելություն սերմանել ,սադրել միջկրոնական և ազգային ատելություն: Ականատես ենք լինում ահաբեկիչների չարագործություններին աշխարհի տարբեր մասերում>>: Ռուս եկեղեցու առաջնորդը խոսել էր նաև մերձավորարևելյան տարածաշրջանի քրիստոնյաների դաժան հալածանքների մասին: << Շատ քրիստոնյաներ հրաժարվում են հեռանալ և լքել քրիստոնյա տաճարները, վանքերը, իրենց բնակավայրերը անգամ մահվան սպառնալիքի առկայության դեպքում>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա խոսքով վերջին ժամանակներս քաղաքական գործիչները սկսել են խոստովանել, որ այդ տարածաշրջանում քրիստոնյաների դեմ ցեղասպանություն է իրականացվում: <<Մերձավոր Արևելքից քրիստոնեությունը դուրս մղելու փորձերը պատմական ողբերգություն է, ինչը տխուր հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար>>-նշել էր Պատրիարքը և եզրափակել.<<Աղոթենք, որպեսզի Աստված զորացնի մեր քրիստոնյա եղբայրներին և քույրերին, իսկ պետության ղեկավարներին իմաստություն տա , որպեսզի վեր կանգնեն տարբեր շահերից և համապատասխան որոշումներ կայացնեն, որոնք կհանգեցնեն խաղաղության հաստատմանը այդ տարածաշրջանում>>: