Հռոմի Պապը առաջին անգամ շնորհավորել է չին ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ, որը լուսնային օրացույցով նշելու են փետրվարի 8-ին: <<Նոր տարվա նախօրեին ցանկանում եմ ողջունել և լավագույն բարեմաղթանքներս հայտնել չին ժողովրդին և նախագահ Սի Ցզինպինին>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը Հոնկոնգի Asia Times կայքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Կաթոլիկ Հովվապետը հույս էր հայտնել, որ Չինաստանի ժողովուրդը միշտ կգիտակցի պատմության մեջ իրեն հատկացված խոշոր դերը և իր դարավոր իմաստությամբ շատ բան կարող է առաջարկել աշխարհին: << Չինաստանը ինձ համար միշտ եղել է մեծ պետություն զորեղ մշակույթով և անսպառ իմաստությամբ>>- ասել էր Պապը: Նշենք, որ Չինաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարել են 1951թվականից: Ներկայումս Չինաստանում փաստացի գործում են կաթոլիկ երկու եկեղեցիներ: Երկրում պաշտոնապես ճանաչված է այն եկեղեցին, որի եպիսկոպոսներին նշանակում են չինական իշխանությունները` չհամաձայնեցնելով Վատիկանի հետ: Asia Times-ին Հռոմի Պապի տված հարցազրույցի առնչությամբ Սուրբ Գահի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել էր, որ երկկողմանի խնդիրների վերաբերյալ Վատիկանի և Չինաստանի ներկայացուցիչների միջև շարունակվում են բանակցությունները: