Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նոյեմբերի 1-ին Մոսկվայի Չեռնիգովյան վանքում պատարագ էր մատուցել, որից հետո աղոթել էր ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի համար: Արարողությունից հետո Պատրիարքը հովվական խոսքով դիմել էր հավատացյալներին` կոչ անելով աղոթել բոլոր զոհերի համար: Իր խոսքում Ռուս եկեղեցու առաջնորդը անդրադարձել էր մայրաքաղաքի որոշ ակումբներում Հելոուինի տոնը նշելու փաստին: <<Նախագահի կարգադրությամբ երկրում սուգ է հայտարարվել: Ես ապշած եմ այն տեղեկությունից, որ չնայած հայտարարված եռօրյա սուգին, այս գիշեր քաղաքի մի քանի ակումբներում և ժամանցի վայրերում աղմկալից տոնել են մեզ համար օտար և քիչ հասկանալի Հելոուին կոչվող տոնը: Աղոթենք, որպեսզի նման մարդկանց սրտերում առաջանան սեր և կարեկցանք: Աղոթենք նաև մեր ժողովրդի համար, որպեսզի մեր կյանքից հեռանա այս ամբողջ ապականությունը, չլինի մարդկային զգացմունքների և բարոյականության նմանօրինակ կորուստ, աղոթենք, որպեսզի հասարակությունը և պետությունը վճռականություն և հաստատակամություն ցուցաբերեն` թույլ չտալու նման երևույթներ, եթե մարդիկ անկարող են զսպել իրենց: Դա անհրաժեշտ է մեր ժողովրդի բարոյական առողջության համար>>-ասել էր Պատրիարքը: