Հորդանանում քրիստոնեական հինավուրց տաճարներից մեկի տակ գտել են ավելի հին ժամանակների քարայր: Հորդանանցի հնագետները հաստատում են, որ այնտեղ ապրել են և թշնամիներից թաքնվել Հիսուս քրիստոսի 70 աշակերտները: Այս մասին տեղեկացնում է ТСН-ը: Տեսարժան այդ վայրը գտնվում է Հորդանանի հյուսիսում, Սիրիայի սահմանին մոտ գտնվող Ռիհաբ քաղաքում: Ոչ մեծ տարածքում հնագետները պեղել են 33 եկեղեցիների մնացորդներ: Բաց երկնքի տակ կարելի է տեսնել 7-րդ դարի տաճարների խճանկարային հատակները և 230 թվականին կառուցված տաճարի պատերը: Հենց այս տաճարի տակ են հայտնաբերել առաքյալների ժամանակաշրջանի քարայրը: <<Քարայրում գտել են այդ ժամանակաշրջանի խաչեր և դրամներ>>-պատմել է հնագիտական արշավախմբի ղեկավարը: Եվ հնագետները և տեղի բնակիչները համոզված են, որ հալածանքների ժամանակ այդ քարայրում թաքնվել են Հիսուսի աշակերտները: Այստեղ նրանք աղոթել էին և կատարել քրիստոնեական առաջին ծեսերը: Հնագիտական այս գտածոները անցնելու են Հորդանանի պետության պահպանության ներքո: Հորդանանի կառավարությունը խոստացել է հեղինակավոր հնագետների հրավիրել, որպեսզի մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն: