Նիգերիայի Իբադան նահանգի կաթոլիկ թեմի եպիսկոպոսները իրենց ուրախությունն են արտահայտել իսլամական ահաբեկչական << Բոկո հարամ>> խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների համար:<< Դաժան սպանությունների թիվը նվազել է, շատ ընտանիքներ վերադառնում են իրենց տները: Մենք շնորհավորում ենք Նիգերիայի բանակին և հատուկ ծառայություններին, շնորհակալություն ենք հայտնում զինծառայողների անձնազոհության և կամքի համար, աղոթում ենք նրանց համար>>- հայտարարել էին կաթոլիկ հոգևորականները: Նահանգի կաթոլիկ թեմերի համաժողովի ժամանակ եպիսկոպոսները շնորհակալական ուղերձ էին հղել Նիգերիայի նախագահ Մուհամեդ Բուհարին ահաբեկչության և կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի համար: Եպիսկոպոսները թեմերի անդամներին կոչ էին արել հավատարիմ մնալ քրիստոնեական արժեքներին, բարեկամական կապեր հաստատել մյուս կրոնների հետևորդների հետ: Նշենք, որ իսլամական ծայրահեղական << Բոկո հարամ>> խմբավորումը իր գործունեությունը ակտիվացրել է Նիգերիայի հյուսիսային շրջաններում 2009 թվականից: Այդ ժամանակահատվածում իսլամիստ գրոհայինների իրականացրած ահաբեկչությունների, հարձակումների արդյունքում զոհվել է 20 հազար մարդ, ավելի քան 2 միլիոնը փախստական է դարձել: