France-Presse գործակալության տեղեկացմամբ`Նիգերիայի բանակը ազատել է ավելի քան 800 մարդու, ովքեր գերի էին << Բոկո Հարամ>> ահաբեկչական խմբավորման մոտ: Երկրի հյուսիսային Բորնո նահանգի մի քանի բնակավայրերում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 25 իսլամիստ գրոհայինների, մի քանիսին էլ ձերբակալել են: Նշենք, որ << Բոկո Հարամ>> խմբավորումը ստեղծվել է 2002 թվականին իսլամիստ քարոզիչ Մոհամեդ Յուսուֆի կողմից: Նա Նիգերիայում առկա բոլոր խնդիրների մեղավորը համարում էր արևմտյան արժեքները, որոնք իբրև թե պարտադրվել էին բրիտանացի գաղութարարների կողմից: Սկզբնական շրջանում այդ խմբավորումը նպատակ չուներ տապալել երկրի կառավարությանը, սակայն 2009թվականից Նիգերիայի հյուսիս արևելյան շրջանում իսլամական պետություն ստեղծելու համար խմբավորումը անցնում է զինված պայքարի և սկսում է գործադրել դաժան բռնություններ: Պայքարի այդ 8 տարիների ընթացքում զոհվել է 17 հազար մարդ: Իսլամիստ գրոհայինները հարձակումներ են իրականացնում բնակավայրերի վրա, որոնց բնակչությունը հիմնականում քրիստոնյա է: Նրանք սպանում են դիմադրություն ցույց տվող տղամարդկանց և առևանգում կանանց: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով խմբավորման մոտ շարունակում են գերի մնալ հարյուրավոր կանայք, որոնց ենթարկում են սարսափելի բռնությունների: Խմբավորման անդամները դեմ են, որպեսզի մուսուլմանները մասնակցություն ունենան Արևմուտքի հետ կապված ցանկացած հասարակական, քաղաքական կամ կրթական գործունեությանը: Նրանք դեմ են աշխարհիկ կրթությանը, արևմտյան ոճով հագուստներ կրելուն և այլն: