Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է քրիստոնյա մի կնոջ վկայությունը, համաձայն որի Մալդիվներում քրիստոնյաները ստիպված են հավաքվել ընդհատակյա, նույնիսկ ստորգետնյա եկեղեցիներում: Մալդիվները Հնդկական օվկիանոսում ոչ մեծ կղզի պետություն է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում իր հրաշալի բնությամբ և կլիմայով: Մալդիվները մուսուլմանական պետություն է, որտեղ բացի իսլամից մյուս կրոնները արգելված են: Այդ երկրում քրիստոնեություն պաշտոնապես գոյություն չունի: Ոչ մուսուլման օտարեկրացիներին արգելված է արտահայտել և տեղի բնակիչներին պատմել իրենց հավատքի մասին: Open Doors կազմակերպության 2016 թվականի զեկույցում Մալդիվները գրավել է 13-րդ հորիզոնականը այն երկրների ցուցակում, որտեղ հալածում են քրիստոնյաներին և խախտում նրանց իրավունքները: Մալդիվներում քրիստոնյաները Ավետարանը տարածում են վտանգելով իրենց կյանքը: Նրանք ստիպված են իրենց հավատքը թաքցնել նույնիսկ ընտանիքից, գործընկերներից: Կարող են բանտարկել ոչ միայն Ավետարանը քարոզելու, այլ նաև տանը Աստվածաշունչ կամ քրիստոնեական այլ գրականություն պահելու համար: Այս պայմաններում քրիստոնյաները ստիպված են գաղտնի հավաքույթներ անցկացնել ստորգետնյա եկեղեցիներում: Չնայած այդ ամենին, Մալդիվներում քրիստոնյաների թիվը մեծանում է: