Սուրբ Հարության տոնի օրը Անտիոքի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի առաջնորդությամբ խաղաղության քայլերթ էր տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում: Այդ միջոցառումը նպատակ ուներ նաև հանրության ուշադրությունը դարձնել իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված երկու միտրոպոլիտների`Գրիգոր Յուհան Իբրահիմի և Պողոսի ճակատագրին: Երթին մասնակցել էին քահանաներ, վանականներ, ավելի քան 400 երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր Հալեպում անցկացվող երիտասարդական հանդիպման մասնակիցներ էին: Երթի մասնակիցները տանում էին գերևարված միտրոպոլիտների նկարները: Երթը ավարտվել էր Սուրբ Գևորգի տաճարում, որտեղ եկեղեցական արարողություն էր կատարվել, որի ժամանակ Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը առաջնորդել էր աղոթքը: Նշենք, որ Ասորի եկեղեցու միտրոպոլիտ Գրիգոր Յուհան Իբրահիմին և ուղղափառ միտրոպոլիտ Պողոսին իսլամիստները ատևանգել էին 2013 թվականի ապրիլին: Ներկայումս նրանց մասին ստույգ տեղեկություններ չկան: Որոշ վարկածների համաձայն հոգևորականներին սպանել են: