Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վատիկանում և Հռոմում խստացվել են անվտանգության միջոցները: Հռոմի ոստիկանությունը հայտարարել է, որ մեծացնում է ոստիկանների թիվը որոշ հաստատությունների պաշտպանության համար, այդ թվում նաև Ֆրանսիայի դեսպանատան: Ոստիկանական պարեկությունը ուժեղացվել է Վատիկանի տարածքում գտնվող մշակութային հաստատությունների շուրջ և զբոսաշրջության վայրերում: Սուրբ Պետրոսի հրապարակում մշտապես հերթապահում են կարաբիներների և ոստիկանների մեքենաները: Հրապարակում հսկում են նաև ավտոմատավոր կարաբիներները: Իտալիայի իրավապահներին հատկապես մտահոգում է այն փաստը, որ դեկտեմբերի 8-ին Գթասրտության հոբելյանական տարվա բացման առիթով Հռոմ կժամանեն բազմահազար ուխտավորներ: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել էր.<<Վախը չպետք է իշխի մեզ վրա: Չէ որ մարդասպանները հենց դա են ուզում` վախ տարածել: Հոբելյանական տարվա բացման արարողությունը կատարվելու է և այսօր, քան երբևէ մենք դրա կարիքը ավելի ենք զգում>>: Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելո Ալֆանոն հայտնել էր, որ բացի ոստիկաններից և կարաբիներներից Հռոմի անվտանգությունը ապահովելու են նաև 700 զինծառայողներ: Բազմամարդ վայրերը հսկելու համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր: