Աթեիստների բողոքից հետո ամերիկյան Միննիսոտա նահանգի Ուոդին քաղաքում Սուրբ Ծննդյան տոների ժամանակ չի դրվի Սուրբ Ծննդյան մսուրը պատկերող տեսարանը: Աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> սպառնացել էր դատարան հայց ներկայացնել քաղաքի իշխանությունների դեմ, եթե Սուրբ Ծննդյան տեսարանը շարունակեն ցուցադրել հասարակական վայրում: Աթեիստները հիշեցրել էին, որ ԱՄՆ-ում եկեղեցին տարանջատված է պետությունից և նման տեսարանների ցուցադրումը քաղաքային զբոսայգիներում հակասում է սահմանադրությանը: Չնայած քաղաքի բնակչության բողոքներին, Ուոդինի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել այլևս չցուցադրել այդ տեսարանը քաղաքային զբոսայգում: Ինչպես գիտենք աթեիստական այդ կազմակերպությունը փորձում է ԱՄՆ-ի ողջ տարածքում հասարակական վայրերից հեռացնել քրիստոնեական խորհրդանիշերը: Նախորդ ամսին << Կրոնից ազատ հիմնադրամը>> պահանջել էր, որ Կենտուկի նահանգի Ուիլմոր քաղաքի իշխանությունները ջրամատակարարման աշտարակից վրայից հեռացնեն խաչը, որը լուսավորվում է գիշերը: Ի պատասխան այդ պահանջի` քաղաքի բնակչությունը խաչը պաշտպանելու ակցիա էր կազմակերպել, իսկ քաղաքագլուխ Հերոլդ Ռեյնվոտերը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է խաչը հանելուն: