Իսպանիայում սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում կրոնի դասերը կարգելվեն ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր դպրոցներում: Դեկտեմբերի 20 –ին Իսպանիայում կայանալու է խորհրդարանի ստորին և վերին պալատների ընտրությունը: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որի առաջնորդը Սանչեսն է, համարվում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը: Սոցիալիստների նախընտրական ծրագրի կետերից մեկը երկրի բոլոր դպրոցներում կրոնի դասերի արգելումն է: Համաձայն այդ ծրագրի` Իսպանիայի կառավարությունը պետք է աջակցի առկա օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելուն, որը նպատակ ունի ապահովել դպրոցների աշխարհիկ բնույթը, որտեղ կրոնական դասերը դուրս կբերվեն ուսումնական ծրագրից: Իսկ մասնավոր դպրոցներում կարող են կրոնի հիմքերին ծանոթանալ ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով: Այս առիթով Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի պաշտոնական ներկայացուցիչ Խոսե Մարիա Խիլ Թամայոն հայտարարել էր, որ ոչ ոք իրավունք չունի դպրոցներում արգելել կրոնի դասերը: Աշակերտը կհաճախի այդ դասերին, թե ոչ որոշելու են ծնողները: