АsiaNews-ի համաձայն`Պակիստանում Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ մի շարք քաղաքներում հատուկ աղոթքներ են կատարվել աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահվան դատապարտված Ասիա Բիբիի համար: Նախորդ տարի Պակիստանի վճռաբեկ դատարանը կանգնեցրել է մահապատժի իրականացումը, սակայն ներկայումս Ասիայի կյանքը դարձյալ վտանգված է: Բանն այն է, որ վերջերս Ասիային պաշտպանելու համար Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրին սպանած իսլամիստին մահապատժի են ենթարկել: Դրանից հետո Պակիստանի ամբողջ տարածքում մուսուլման արմատականները ցույցեր են անցկացնում`պահանջելով արագացնել Ասիայի մահապատժի իրականացումը: Նրանք փորձում են ճնշում գործադրել կառավարության վրա` քրիստոնյա այդ կնոջ մահապատժի ենթարկելու համար: Կաթոլիկ քահանա Արշեդ Ջոնը ասել էր.<<Մենք աղոթում և ծոմ ենք պահում Ասիայի և բանտերում գտնվող մյուս քրիստոնյաների համար, ովքեր դատապարտվել են կեղծ մեղադրանքներով: Աղոթում ենք, որպեսզի Տերը խաղաղություն և հանդարտություն բերի այս երկրին>>: Նշենք, որ Ասիա Բիբին բանտում է գտնվում 2009թվականից: