The Washington Post-ի համաձայն <<Իսլամական պետություն>> խմբավորումը կտրուկ կորցրել է աջակցությունը երիտասարդ արաբների շրջանում: Թերթը ներկայացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, որ կատարել էր ASDA’A Burston-Marsteller խորհրդատվական ընկերությունը արաբական 16 պետություններում 18-24 տարեկան երիտասարդների շրջանում: << Արաբ երիտասարդության ճնշող մեծամասնությունը վճռականորեն դեմ է հանդես գալիս խմբավորմանը : Հարցվածների 80%-ը բացառում է խմբավորմանը իրենց կողմից որևէ աջակցության հնարավորությունը>>- գրում է թերթը: Իսկ մեկ տարի առաջ նման դիրքորոշում էին հայտնել հարցվածների 60%-ը: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ երիտասարդ արաբները սկսել են ավելի շատ վախենալ << Իսլամական պետություն>>-ից, ավելի քիչ են ենթարկվում խմբավորման քարոզչության ազդեցությանը: Հարցված երիտասարդների կեսից ավելին <<Իսլամական պետությանն>> է համարել Մերձավոր Արևելքի թիվ մեկ խնդիրը, իսկ մեծ մասը կարծիք է հայտնել, որ Սիրիայում և Իրաքում խալիֆայություն ստեղծելու փորձերը ամբողջապես ձախողման են դատապարտված: Իսլամիստներին անդամակցելու պատճառներ են անվանել գործազրկությունը և տնտեսական հեռանկարների բացակայությունը, իսկ կրոնական զգացմունքները երկրորդական դեր են խաղում ահաբեկիչներին միանալու որոշում ընդունելիս: