Դանիայում ապաստան խնդրող մեծ թվով մուսուլման փախստականներ քրիստոնեություն են ընդունում: Նրանք կանոնավոր այցելում են լյութերական եկեղեցիները: Փախստական քրիստոնյաներին օգնություն տրամադրող կազմակերպության տվյալներով անցյալ տարվա դեկտեմբերից մինչև օրս առնվազն 100 իրանցի փախստական մկրտվել է , իսկ 300-ը մկրտությանը նախապատրաստվելու դասընթացներ են անցնում: Կարծիքներ կան, որ մեծ թվով մուսուլմանների քրիստոնեություն ընդունելու ցանկությունը բացատրվում է այն փաստով, որ փախստականների հարցերով հանձնաժողովը ուսումնասիրելով նախկինում 55 մուսուլմանի ապաստան տրամադրելու մերժման դեպքերը, արդյունքում թույլատրել էր երկրում մնալ քրիստոնեություն ընդունած 42 փախստականի: Այդ մարդիկ վախենում են, որ Դանիայից արտաքսվելու դեպքում իրենց երկրներում հալածանքների կենթարկվեն: Մուսուլմանների շրջանում քրիստոնեություն ընդունելու նման ալիքը անհանգստացնում է Դանիայի եկեղեցու և կրթության հարցերով նախարար Բերտել Հարդերին: Նա դիմել է հոգևորականներին` խնդրելով դադարեցնել մկրտությունը մինչև ապաստան ստանալու դիմումների քննարկումը: Սակայն հոգևորականները այլ կարծիքի են : Հովիվ Անդրեաս Ռասմուսենը հավատացնում է, որ քրիստոնեություն ընդունել ցանկացողների մեծ մասը անկեղծ է: Նրանք կանոնավոր հաճախում են եկեղեցի, ակտիվորեն մասնակցում են մկրտության նախապատրաստության դասընթացներին: <<Քրիստոնեության ընդունումը չի երաշխավորում, որ այդ մարդիկ ապաստան կստանան>>-հայտարարել էր հովիվը: