Հունաստանի  լրատվամիջոցների համաձայն Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսը Սինոդում ունեցած ելույթում քննադատել է արևմտյան մշակույթը: <<Այսօր հույն հասարակությունը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: Աղքատությունը, գործազրկությունը, գալիք օրվա հանդեպ անվստահությունը և մարդու նկատմամբ  հարգանքի կորուստը կանոններ  են  դարձել մեր հասարակության համար: Եվ այդ ամենը  արևմտյան լուսավորության արձագանքներն են: Այսօր թիրախ են դարձել մեր լեզուն,  պատմությունը, ընտանիքը, դպրոցական կրթությունը>>-ասել էր արքեպիսկոպոսը: Անդրադառնալով հույն հոգևորականության գործունեությանը` նա ասել էր.<<Եկեղեցին  կանգնելու է հույն ժողովրդի կողքին և միշտ նրա հետ է լինելու>>: Արքեպիսկոպոս Հիերոնիմոսը  դիմել էր կառավարությանը ` կոչ անելով այս  դժվարին պայմաններում գործել եկեղեցու հետ միասին, որպեսզի հույն ժողովուրդը զգա հոգատարությունը իր հանդեպ:  <<Եվրոպացիները  օգտվելով  մեր տնտեսական ծանր վիճակից, բոլոր միջոցներով փորձելու են փոխել հույն հասարակությանը: Հասկանալի է, որ նրանք սկսելու են կրթական բարեփոխումներից: Մեր թշնամիները  մեր շրջապատում են: Մենք թույլ չենք տա  ոչնչացնել  մեր ավանդույթները,  ավանդական ընտանիքը, մշակույթը,լեզուն և սրբությունները >>-հայտարարել էր արքեպիսկոպոս  Հիերոնիմոսը: Նշենք, որ վերջերս Հունաստանի կրթության փոխնախարարը հայտարարել էր, որ կրոնի դասերը պետք է դուրս բերվեն դպրոցական ծրագրից: Արքեպիսկոպոսը հանդես էր եկել այդ հայտարարության խիստ քննադատությամբ` հիշեցնելով, որ Սահմանադրության համաձայն կրթությունը պետք է ազգային լինի, իսկ դա  ենթադրում է  ուղղափառ քրիստոնեության  ուսուցումը: