Ֆրանցիսկ I Պապի Մեքսիկա կատարելիք այցի ընթացքում երկրի մայրաքաղաքի իշխանությունները խստացնելու են անվտանգության միջոցները: Մեխիկոյի հասարակական անվտանգության հարցերով նախարար Իրամ Ալմեյդա Էստրադան հայտարարել է, որ Պապի անվտանգությունը պահպանելու են ավելի քան 20 հազար ոստիկաններ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տասնյակ հազարավոր կամավորներ: Հռոմի Պապը Մեխիկո է ժամանելու փետրվարի 12-ի երեկոյան: Հաջորդ օրը հանդիպելու է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի հետ, ավելի ուշ մեքսիկացի եպիսկոպոսների հետ: Նույն օրը երեկոյան պատարագ է մատուցելու Մեխիկոյի Գվադելուպայի Տիրամոր հայտնի տաճարում, իսկ փետրվարի 14-ին եկեղեցական արարողություն է կատարելու Մեխիկոյի Էկատեպեկե արվարձանում: Սպասվում է որ այդ պատարագին ներկա կգտնվի գրեթե 2 միլիոն մարդ: Հետագա երկու օրերին Պապը այցելելու է Մեքսիկայի մի քանի նահանգներ, հանդիպելու է հնդկացի ցեղերի ներկայացուցիչների, երիտասարդության և հոգևորականության հետ: Այցը ավարտվելու է փետրվարի 17-ին: