Ամերիկյան ABC News հեռուստաալիքի տեղեկացմամբ Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է <<Իսլամական պետություն>> խմբավորմանը պատկանող << Խալիֆայության ձայնը>> ռադիոկայանը: Օդային հարվածները իրականացվել էին Պակիստանին սահմանակից Նանգարհար նահանգում: Սպանվել է 21 իսլամիստ գրոհային, որոնցից հիգը աշխատում էր ռադիոկայանում: Աֆղանստանում ռադիոն մեծ մասսայականություն ունի, քանի որ բնակչության գերակշռող մասը հեռուստացույց չունի և հնարավորություն չունի օգտվել համացանցից: << Իսլամական պետություն>> խմբավորումը ռադիոկայանը ստեղծել էր անցյալ տարվա դեկտեմբերին և այն օգտագործում էին նոր գրոհայիններ հավաքագրելու նպատակով: Եթերով հեռարձակում էին հակակառավարական հայտարարություններ, արմատական իսլամիստները երիտասարդությանը կոչ էին անում համալրել խմբավորման շարքերը: Անցյալ տարի Աֆղանստանում << Իսլամական պետություն>> խմբավորմանը հավատարմության երդում են տվել մոտ 2 հազար գրոհայիններ: Նրանց հաջողվել է երկրի արևելյան 4 նահանգներում գրավել տարածքների մի մասը: Իսլամիստները նպատակ ունեն խալիֆայություն ստեղծել Պակիստանի հետ սահմանակից տարածքներում: Դիտորդների կարծիքով իսլամիստ գրոհայինները հաջողության հասան այն ժամանակ, երբ աֆղանացի թալիբների դիրքերը որոշ չափով թուլացել էին նրանց առաջնորդ մոլլա Օմարի մահվան պատճառով: Ներկայումս Աֆղանստանում պայքար է ընթանում թալիբան շարժման և << Իսլամական պետություն>> խմբավորման միջև: