Invictory կայքի տեղեկացմամբ` մարտի 31-ին Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սաքրամենթոյում Ֆրանկլին Գրեհեմի աղոթքի և քարոզչության արշավին մասնակցել էր ավելի քան 7500 մարդ: << Ես գնալու եմ յուրաքանչյուր նահանգ և մարտահրավեր եմ նետելու քրիստոնյաներին, որպեսզի նրանք ազատ արձակեն իրենց հավատքը: Պետք չէ հավատալ միայն սեփական տանը, քարոզեք Աստվածաշունչը, կիսվեք Ավետարանով: Յուրաքանչյուրդ կարող եք ինչ որ բան փոխել>>-հայտարարել էր Գրեհեմը: Նրա խոսքով աղոթքի արշավի հաջորդ նահանգները լինելու են Արկանզասը, Միսսիսիպին և Ալաբաման: Նշենք, որ 2016 թվականի ընթացքում ամերիկյան բոլոր նահանգներում աղոթքի շրջագայություն անցկացնելու իր մտադրության մասին Ֆրանկլին Գրեհեմը հայտարարել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Զուգահեռներ անցկացնելով Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև Գրեհեմը ասել էր. <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը: Քրիստոնեությունը և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և ակտիվորեն մասնակցենք երկրի կյանքին, աղոթենք, որպեսզի դադարի ամերիկյան ազգի բարոյական կործանումը>>: