Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությանը կոչ է արվում  ամբողջովին արգելել հղիության արհեստական ընդհատումները:<< Լեհաստանի քրիստոնեություն ընդունելու  1050- ամյակի կապակցությամբ  մենք խնդրում ենք բոլոր բարի կամքի տեր մարդկանց , հավատացյալներին և անհավատներին միջոցներ ձեռնարկել  չծնված երեխաների իրավական լիակատար պաշտպանության համար>>-ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է Կոնֆերանսի պաշտոնական կայքում: Կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականները  խորհրդարանի անդամներին և կառավարությանը կոչ  են արել օրենսդրորեն ընդունել և իրականացնել  ծրագրեր, որոնք  կոնկրետ օգնություն ցույց կտան  հիվանդ,  անդամալույծ երեխաների ծնողներին: Իսկ հավատացյալներին եպիսկոպոսները  կոչ են արել  աղոթել  կյանքի պաշպանության համար  ինչպես Լեհաստանում, այնպես էլ այլ երկրներում: Նշենք, որ  վերջերս << Լեհական ռադիոյին>> տված հարցազրույցի  ժամանակ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել էր, որ անհրաժեշտ է արգելել հղիության արհեստական ընդհատումները բացառություն չանելով  ոչ մի հանգամանքի համար: <<Ինչ վերաբերում է ինձ, ապա ես լիովին աջակցում եմ  հղիության ընդհատումների արգելմանը>>-հայտարարել էր վարչապետը: