<<Fides>> գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն ցավակցել էր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին և հերթական անգամ քննադատության էր ենթարկել Արևմուտքի քաղաքականությունը: <<Ցավոք սրտի Բելգիայի անմեղ բնակիչներն են տուժում Սիրիայում և Իրաքում Եվրոպայի ղեկավար շրջանների վերջին տարիներին վարած քաղաքականության համար>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա խոսքով Արևմուտքի առաջնորդները պատասխանատվություն են կրում, որ նավթային պայմանագրերի համար մշտապես առաջնահերթությունը տվել են Արաբական թերակղզու երկրների հետ հարաբերություններին, ովքեր համարվում են արմատական իսլամի հովանավորները: << Տասնամյակներ շարունակ Արևմուտքը արտոնյալ հարաբերություններ էր պահպանում Սաուդյան Արաբիայի և Արաբական թերակղզու մյուս երկրների հետ: Վերջին տարիներին այդ երկրներին հնարավորություն տվեցին ֆինանսավորել մզկիթների կառուցումըԵվրոպայի ամբողջ տարածքում `այդ թվում նաև Բելգիայում, իսկ մզկիթներում ծայրահեղական իսլամ է քարոզվում, որը ջիհադիստական բոլոր խմբավորումների գաղափարախոսական հիմքն է>> – նշել էր արքեպիսկոպոս Հինդոն:Անդրադառնալով Մերձավոր Արևելքից Եվրոպա կատարվող զանգվածային գաղթին` հայտարարել էր. << Եվրոպան այդ հարցի լուծման համար դարձել է Թուրքիայի պատանդը: Ես կարող եմ հասկանալ արտաքին քաղաքականության եվրոկոմիսար Ֆեդերիկո Մոգերինիի արցունքները, սակայն պատերազմի 5 տարիների ընթացքում Սիրիայում սպանվել են տասնյակ հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ, իսկ նրանց մահը ոչ ոք չի սգացել>>-եզրափակել էր արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն: