Իտալական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի օրը Հռոմի հարևանությամբ գտնվող Կաստելնուովո –դի Պորտո քաղաքի փախստականների ժամանակավոր կացարանում Ոտնլվայի արարողություն է կատարել 12 անձանց , որոնցից 11-ը փախստականներ են , իսկ մեկը իտալացի: Փախստականներից 5-ը կաթոլիկներ են Նիգերիայից, 3-ը ղպտի քրիստոնյա, 3-ը մուսուլման և մեկը` հինդուիզմի հետևորդ: Փախստականների ժամանակավոր կացարանում, որտեղ ներկայումս բնակվում է 892 մարդ, Պապը Պատարագի արարողություն կատարեց, որից հետո բոլոր փախստականներին որոշակի գումար նվիրեցին: Բացի դա կենտրոն էին բերել Զատկի 200 ձու, ֆուտբոլի և թենիսի գնդակներ հայտնի մարզիկների ստորագրությամբ: Պատարագից հետո Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր փախստական երեք ընտանիքների հետ` երկուսը Էրիթրեայից, իսկ մեկը` Պաղեստինից: Մարտի 25-ին`Ավագ ուրբաթ օրը երեկոյան Պապը առաջնորդելու է խաչակրաց ավանդական երթը Կոլիզեի շուրջը: