ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ իսլամի հետևորդները ատում են ԱՄՆ-ին: << Կարծում եմ իսլամը ատում է մեզ: Անհրաժեշտ է զգույշ լինել մեր երկիր մարդկանց ընդունելիս>>-նշել էր Տրամպը մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե արդյոք նա ի նկատի ունի արմատական իսլամը Տրամպը դրական էր պատասխանել և հավելել, որ շատ դժվար է տարբերել արմատականությունը չափավոր իսլամից: Նա դարձյալ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և որպես օրինակ բերել էր Լիբիայում տեղի ունեցած դեպքերը, երբ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Նշենք, որ Դոնալդ Տրամպը նախընտրական իր ելույթներում կոչ է անում արգելել մուսուլմանների մուտքը երկիր: Բազմիցս հայտարարել է << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարելու, ԱՄՆ-ին մեծ տերության կարգավիճակը վերադարձնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: