Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ուղղում մտցնել <<ամուսնություն>> հասկացության սահմանադրական հոդվածում: Ուղղման համաձայն << ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև>>: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, <<Վրացական երազանք>> կառավարող կոալիցիայի առաջնորդ Գրիգորի Կվիրիկաշվիլին: Նրա կարծիքով սահմանադրական հոդվածում ուղղումը ավելի կամրապնդի ամուսնություն հասկացության բացատրությունը, որը շարադրված է Քաղաքացիական օրենսգրքում: Ներկայումս Վրաստանի Սահմանադրության մեջ ամուսնության վերաբերյալ հոդվածում ասված է.<< Ամուսնությունը ամուսինների իրավահավասարության վրա հիմնված կամավոր միություն է>>: Խորհրդարանական մեծամասնության նախաձեռնության առնչությամբ իր հավանությունն է հայտնել Վրաստանի պատրիարքարանի քարտուղար, քահանա Միխաիլ Բոտկովելին: << Դա անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը պաշտպանված լինի: Այս նախաձեռնությունը պետք է դրական ընդունվի, քանի որ աշխարհի զարգացումները մեզ ստիպում են Վրաստանի Սահմանադրությունում ներառել պաշտպանական նման մեխանիզմ, որը հասարակության մեջ կամրապնդի առողջ գիտակցությունը>>-ասել էր Բոտկովելին: