Թբիլիսիում մի խումբ հոգևորականներ և նրանց թեմերի անդամները  բողոքի ակցիա էին անցկացրել `պահանջելով  կրթության նախարար Թամար Սանիկիձեի  հրաժարականը: Նախարարության շենքի մոտ հավաքված մարդիկ հայտարարել էին, որ  մի շարք դպրոցներում  Հելոուինի տոնի առթիվ  դիմակահանդեսներ են կազմակերպվել: << Դպրոցներում նման բան չպետք է լինի:  Երեխաները պետք է գիտակցեն, որ դա խաղ չի: Դա սատանայություն է>>-ասել  էր  քահանաներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում էին.<< Դա բոլորովին էլ ուրախ տոն չի, ինչպիսին ներկայացնում են: Դա  երկրպագություն է սատանային>>: Ցուցարարները նախարարին մեղադրում էին այն բանի համար, որ դպրոցներում թույլատրվել է նշել այդ տոնը: Ավելին, ներկաները հայտարարում էին, որ  հենց Կրթության նախարարության նախաձեռնությամբ են կազմակերպվել այդ միջոցառումները: << Նախարարության ներկայացուցիչները  այցելել էին մի քանի դպրոցներ  և տնօրինությանը  առաջարկել    անցկացնել հեթանոսական-օկուլտային այդ տոնը: Ընդհանրապես Վրաստանում Հելոուինի արմատավորմանը  աջակցում է ԱՄՆ-ի դեսպանատունը>>-լրագրողներին ասել էր Վրաստանի <<Ծնողների միության>>  համանախագահ Ավթանդիլ Ունգիաձեն: Նշենք, որ այդ ակցիայից հետո Թբիլիսիում  պատրիարքարանը  հայտարարել էր,որ  եկեղեցին  տեղեկացված չի եղել ակցիայի անցկացման մասին: Իսկ Կրթության նախարարությունն էլ հայտարարել էր, որ իրենք  քաղաքացիներին  չեն կարող թելադրել  տոնել Հելոուինը թե ոչ: