Բանգլադեշի հյուսիս արևմտյան Պաբնա նահանգի << Faith Bible Church >> բապտիստական եկեղեցու հովիվ , 52-ամյա  Լյուկ Սարկերի վրա հարձակվել  են դանակներով զինված երեք տղամարդ և փորձել են կտրել նրա կոկորդը: Հարձակումը կատարվել էր հովվի տանը: Նրա կինը և աղջիկը սկսել էին բղավել, օգնություն կանչել: Հարևանները հասցրել  էին օգնության գալ: Հարձակվողները  փախել էին: Բարեբախտաբար  հովիվը ողջ է մնացել: Բազմաթիվ  մարդիկ են հաճախում Լյուկ Սարկերի տուն  խորհուրդ ստանալու կամ աղոթելու համար: Հարձակվողներից երկուսը  հովվի տուն էին այցելել  սեպտեմբերի 18-ին և երկար զրուցել  քրիստոնեության, հինդուիզմի և իսլամի մասին: Զրույցը  խաղաղ էր ընթացել: Այդ մարդիկ պայմանավորվել էին  հաջորդ հանդիպման մասին: Հոկտեմբերի 5-ին նրանք դարձյալ եկել էին: Նրանց հետ էր նաև հովվին անծանոթ մեկ այլ տղամարդ: Այս անգամ զրուցելու փոխարեն դանակներով հարձակվել էին հովվի վրա: Ներկայումս  Լյուկ Սարկերը  բուժվում է հիվանդանոցում և Աստծուն շնորհակալություն է հայտնում  փրկվելու համար:   Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Արդեն ձերբակալել են հարձակվողներից մեկին: Պարզվել է, որ այդ անձը Բանգլադեշի իսլամական քաղաքական կուսակցության երիտասարդական թևի անդամ է: