Բանգլադեշի հյուսիս արևմտյան Պաբնա նահանգի << Faith Bible Church >> բապտիստական եկեղեցու հովիվ , 52-ամյա Լյուկ Սարկերի վրա հարձակվել են դանակներով զինված երեք տղամարդ և փորձել են կտրել նրա կոկորդը: Հարձակումը կատարվել էր հովվի տանը: Նրա կինը և աղջիկը սկսել էին բղավել, օգնություն կանչել: Հարևանները հասցրել էին օգնության գալ: Հարձակվողները փախել էին: Բարեբախտաբար հովիվը ողջ է մնացել: Բազմաթիվ մարդիկ են հաճախում Լյուկ Սարկերի տուն խորհուրդ ստանալու կամ աղոթելու համար: Հարձակվողներից երկուսը հովվի տուն էին այցելել սեպտեմբերի 18-ին և երկար զրուցել քրիստոնեության, հինդուիզմի և իսլամի մասին: Զրույցը խաղաղ էր ընթացել: Այդ մարդիկ պայմանավորվել էին հաջորդ հանդիպման մասին: Հոկտեմբերի 5-ին նրանք դարձյալ եկել էին: Նրանց հետ էր նաև հովվին անծանոթ մեկ այլ տղամարդ: Այս անգամ զրուցելու փոխարեն դանակներով հարձակվել էին հովվի վրա: Ներկայումս Լյուկ Սարկերը բուժվում է հիվանդանոցում և Աստծուն շնորհակալություն է հայտնում փրկվելու համար: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Արդեն ձերբակալել են հարձակվողներից մեկին: Պարզվել է, որ այդ անձը Բանգլադեշի իսլամական քաղաքական կուսակցության երիտասարդական թևի անդամ է: