Նոյեմբերի 30-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի վեցօրյա այցը Աֆրիկա: Քենիայից և Ուգանդայից հետո Պապը այցելել էր Կենտրոնական–Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ արդեն երեք տարի է չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Երկրի մայրաքաղաք Բանգիում Ֆրանցիսկ I-ը կատարել էր գլխավոր տաճարի դռների բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջիկա Գթասրտության հոբելյանական տարվան: Այնուհետև Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել, խոսել էր սիրո և ներման մասին: Պապը հանդիպել էր տեղի բողոքական –ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա այցելել էր նաև Բանգիի կենտրոնական մզկիթը, որտեղ հանդիպել էր մուսուլման առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա քրիստոնյաներին և մուսուլմաններին Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել դադարեցնել արյունալի բախումները: << Քրիստոնյաները և մուսուլմանները եղբայրներ են: Մենք պետք է վարվենք որպես եղբայրներ: Աստծուն հավատացողները պետք է լինեն խաղաղության մարդիկ: Մենք աղոթում ենք խաղաղության, հաշտության, ներման և սիրո համար: Կաղոթենք այս և բոլոր այն երկրների համար , որոնք տառապում են պատերազմներից: Բոլորս միասին աղոթելու ենք խաղաղության և սիրո համար>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Այնուհետև Պապը հանդիպել էր մզկիթի բակում գտնվող փախստականների վրանային ճամբարում ապաստանած մարդկանց հետ, ովքեր միջկրոնական արյունալի բախումների պատճառով հեռացել են իրենց բնակավայրերից: Նա այցելել էր նաև մանկական հիվանդանոց, դեղամիջոցներ նվիրել: