Ռուսական լրատվամիջոցների համաձայն` ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը Ռուսաստանի Հանրային պալատի հետ միասին հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը, որի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 16-ին Մոսկվայում: Բրոշյուրում բացատրված է ԻՊ ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը, բերված են իսլամիստների քարոզչությանը հավատացած և նրանց շարքերում կռված մարդկանց վկայությունները: Բրոշյուրում, որը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և ծնողների համար նշված է նաև իսլամական ծայրահեղական գաղափարախոսությամբ տարված լինելու նշանների մասին: Բրոշյուրից բացի մշակվել և տպագրվել են ԱՊՀ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական կազմի համար մեթոդական խորհուրդներ, որոնցում նկարագրվում են իսլամիստ ծայրահեղականների կողմից հավաքագրման աշխատանքների մեխանիզմը և մեթոդները: ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը այս բրոշյուրներին մեծ նշանակություն է տալիս, քանի որ կենտրոնի կարծիքով մոտ ապագայում իսլամիստները կփորձեն ուսանողների հավաքագրել, որովհետև «Իսլամական պետությանը» անհրաժեշտ են նավթային արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտների մասնագետներ: