Բալթիմորի արքեպիսկոպոս, կարդինալ Էդվարդ Օ`Բրայենը  քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ վերջինս <<զինված պատասխան >> չի տալիս <<Իսլամական պետության>> կողմից  Մերձավոր Արևելքի բնակչության, մասնավորապես քրիստոնյաների դեմ  իրականացվող  ամենօրյա ահաբեկչությանը: <<Ինչ ենք մենք անում ցեղասպանությունը դադարեցնելու համար>> -հարցադրել էր կարդինալը ավստրալիական <<The Catholic Weekly>> շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա ափսոսանք էր հայտնել, որ  ամերիկյան հասարակության մոտ  բթացել է ընկալունակությունը:  Ամերիկացի բարձրաստիճան հոգևորականի կարծիքով  ԱՄՆ-ը   զինված գործողություններ պետք է  իրականացնեին դեռևս այս տարվա փետրվարին, երբ  իսլամիստները հարձակվել էին Սիրիայի հյուսիս արևելյան  հովտում գտնվող քրիստոնեաբնակ ասորի 35 բնակավայրերի վրա: Ասորի  համայնքը, որը  համարվում է քրիստոնեական հնագույն համայնքներից մեկը ենթարկվեց բարբարոս հանցագործությունների: Իսլամիստ գրոհայինները սպանում էին խաղաղ բնակիչներին, պղծում և ավերում էին  եկեղեցիները, հարյուրավոր ասորիների գերևարեցին, հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել իրենց տներից: <<Եվ ինչ: Ոչ մի գործուն  արձագանք ԱՄՆ-ի  կողմից: Մենք ոչինչ չարեցինք  այդ հանցագործներին կանգնեցնելու համար: Իսկ այսօր քրիստոնեական այդ բնակավայրերը դատարկվել են, բնակիչնեչը կամ սպանված են , կամ էլ ստրկության տարված:  Իսկ այդ արմատականությունը և ծայրահեղականությունը շարունակում է տարածվել >>-ցավով  նշել էր կարդինալ Օ`Բրայենը: ԱՄՆ-ի անգործությունը հատկապես  ցավ է պատճառում կարդինալին, որովհետև նա զինվորական  ծառայությունը  համարում է << վեհ կոչում>>: Կարդինալ Էդվարդ Օ`Բրայենը  1970-ական թվականներին որպես զինվորական կապելան էր ծառայել Վիետնամում: