Իսրայելի իշխանությունները անօրինական են հայտարարել << Իսլամական շարժման հյուսիսային թև>> կազմակերպությանը, որը երկրի իսլամական խոշոր կազմակերպություններից մեկն է: Դա նշանակում է, որ այդ կազմակերպությանը անդամակցող, ծառայություններ տրամադրող կամ նրա անունից հանդես եկող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ խախտում է քրեական օրենքը և կդատապարտվի բանտարկության: Իսրայելի կառավարությունը այդ կազմակերպությանը մեղադրում է ստի և սադրանքների համար, որոնք առաջացրել են ահաբեկչության նոր ալիք: Վերջին երկու ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումներին զոհ է գնացել 14 իսրայելցի: Նոյեմբերի 17-ի գիշերը Իսրայելի ոստիկանությունը և հակաահաբեկչական <<Շաբակ>> ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ էին անցկացրել երկրի ամբողջ տարածքում: Խուզարկել էին կազմակերպության գրասենյակները, բռնագրավել կազմակերպության հետ կապված իրավաբանական 17 անձանց ակտիվները: Կալանքի տակ են դրվել համակարգիչներ, փաստաթղթեր, ինֆորմացիայի թվային կրողներ, ֆինանսներ և բանկային հաշիվներ: