Բալթիմորի արքեպիսկոպոս, կարդինալ Էդվարդ Օ`Բրայենը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ վերջինս <<զինված պատասխան >> չի տալիս <<Իսլամական պետության>> կողմից Մերձավոր Արևելքի բնակչության, մասնավորապես քրիստոնյաների դեմ իրականացվող ամենօրյա ահաբեկչությանը: <<Ինչ ենք մենք անում ցեղասպանությունը դադարեցնելու համար>> -հարցադրել էր կարդինալը ավստրալիական <<The Catholic Weekly>> շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա ափսոսանք էր հայտնել, որ ամերիկյան հասարակության մոտ բթացել է ընկալունակությունը: Ամերիկացի բարձրաստիճան հոգևորականի կարծիքով ԱՄՆ-ը զինված գործողություններ պետք է իրականացնեին դեռևս այս տարվա փետրվարին, երբ իսլամիստները հարձակվել էին Սիրիայի հյուսիս արևելյան հովտում գտնվող քրիստոնեաբնակ ասորի 35 բնակավայրերի վրա: Ասորի համայնքը, որը համարվում է քրիստոնեական հնագույն համայնքներից մեկը ենթարկվեց բարբարոս հանցագործությունների: Իսլամիստ գրոհայինները սպանում էին խաղաղ բնակիչներին, պղծում և ավերում էին եկեղեցիները, հարյուրավոր ասորիների գերևարեցին, հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել իրենց տներից: <<Եվ ինչ: Ոչ մի գործուն արձագանք ԱՄՆ-ի կողմից: Մենք ոչինչ չարեցինք այդ հանցագործներին կանգնեցնելու համար: Իսկ այսօր քրիստոնեական այդ բնակավայրերը դատարկվել են, բնակիչնեչը կամ սպանված են , կամ էլ ստրկության տարված: Իսկ այդ արմատականությունը և ծայրահեղականությունը շարունակում է տարածվել >>-ցավով նշել էր կարդինալ Օ`Բրայենը: ԱՄՆ-ի անգործությունը հատկապես ցավ է պատճառում կարդինալին, որովհետև նա զինվորական ծառայությունը համարում է << վեհ կոչում>>: Կարդինալ Էդվարդ Օ`Բրայենը 1970-ական թվականներին որպես զինվորական կապելան էր ծառայել Վիետնամում: