Եգիպտոսի անվտանգության ուժերը վնասազերծել են ղպտի եկեղեցու մոտ դրված պայթուցիկ սարքը: Այս մասին իր կայքում տեղեկացնում է իրավապաշտպան, արաբական լեզվի և իսլամի փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը: Պայթուցիկ սարքը տեղադրել էին Հելուան քաղաքի Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ: Հավանաբար սարքը պիտի գործեր առավոտյան եկեղեցական արարողության ժամանակ, երբ եկեղեցում ներկա կլինեին մեծ թվով հավատացյալներ: Սարքը նկատել և անմիջապես ահազանգել էին անվտանգության մարմիններին: Անվտանգության աշխատակիցները վնասազերծել էին այն: Բարեբախտաբար այս անգամ զոհեր չեղան: Ի դեպ ղպտի եկեղեցու դեմ վերջին ահաբեկչությունը կատարվել էր այս տարվա մայիսին, Թամիյա բնակավայրում: Եկեղեցու հարևանությամբ ռումբ էր պայթեցվել: Վնասվել էր եկեղեցու շենքը: Մարդիկ չէին տուժել: